Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիների հանդիպումն անցնում է բավական լարված մթնոլորտում։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կապանցիներն առանց միմյանց հերթ տալու փորձում են հարց ուղղել վարչապետին: Քիչ առաջ մի քաղաքացի էլ տեղից գոռաց, թե՝ «Հայաստանում իրավական համակարգ չկա, մաֆիա է»։ Նիկոլ Փաշինյանը բարկացած հարցրեց. «Այդ ի՞նձ եք ասում։ Պետք է չէ՞ հարգել միմյանց»։

Այնուհետեւ վարչապետը բարկացած իջավ բեմից ու իր բարձրախոսը տրամադրեց քաղաքացուն՝ հորդորելով խոսել բեմից: Տարեց տղամարդը մոտեցավ ամբիոնին, սակայն հրաժարվեց խոսել։

Հանդիպման ընթացքում այդպես էլ չհաջողվեց կարգուկանոն հաստատել, եւ վարչապետը ստիպված եղավ հեռանալ հրապարակից: Ի դեպ՝ հարց տալու համար ձայն էին խնդրել նաեւ կապանցի փոքրիկները, սակայն ի վերջո հարցի փոխարեն Նիկոլ Փաշինյանին խնդրեցին միասին լուսանկարվել:

Այսպիսով, վարչապետի այցը Սյունիքի մարզ ավարտվեց: Վաղը Նիկոլ Փաշինյանը կլինի Վայոց ձորում: Այստեղ առաջին հանդիպումը Ջերմուկում է՝ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ցուցարարների հետ: