Սերժ Սարգսյանը եւ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկը չի փորձել կապ հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր 2-օրյա աշխատանքային այցի շրջանակներում Արենի գյուղում կանգառի ժամանակ «Ազատության» հետ զրույցում նշեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներից որեւէ մեկը կապ հաստատել է իր հետ, քանի որ հետաքննությունը արդեն հասել է նրանց ընտանիքի անդամներին:

«Մենք ինչ–որ մեկի ընտանիքի կամ անհատի հետեւից չենք գնում։ Մենք գնում ենք իրավապահ մարմինների ահազանգերի, դիմումների, օպերատիվ տվյալների հետեւից»,–նշեց նա։

Վարչապետը շեշտեց, որ երկրում պետք է օրինականությունն իշխի. «Մեզ վրա պլան դրված չէ, որ պետք է այսքան բացահայտում անենք։ Խնդիրը այլ կերպ է դրված՝ երկրում պետք է լինի օրինականություն եւ օրինապահ մարմինները պետք է արդյունավետ աշխատեն»։

Պատասխանելով հարցին, թե բացահայտումների այսպիսի ծավալը իր համար սպասելի՞ էր, Փաշինյանը նկատեց. «Ծավալների մասին դեռ չեմ կարող հետեւություն անել, բայց որոշ դեպքերում գործելակերպի ցինիզմից ցնցված եմ»։