Ամուլսարի հարցը ցավոտ է Հայաստանի համար, խոսքը վերաբերում է բնապահպանությանը: այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, «Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, մեզ համար ամենակարեւոր արժեքը բնապահպանության մեջ ջուրն է:

«Ուզում եմ բոլորիդ ասել, որ ես լրիվ, իմ էությամբ բնապահպան եմ: Երբ խոսում ենք մեր երկրի մասին եւ բնության մեջ առանձնացնում ենք տարրերը, ապա ամենամեծ արժեքըբնապահպանության մեջ  ջուրն է: Ժամանակին, երբ մեծ արդյունաբերություն կար, գործարանի կեղտաջրերը լցվում էին ջրի մեջ: Հիմա մենք էլ ուրիշ ձեւերով ենք վատ կառավարում ջուրը: Նախ` վատնում ենք ջուրը, ճանապարհին կորչում է: Օրինակ՝ Արարատյան դաշտում, որը ջրի բարձի վրա է նստած, երբ չափից ավելի ջուր ենք հանում, հավասարակշռությունը խախտվում է, եւ տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Էջմիածնում մի քանի շենքեր եմ կառուցել բարեգործական ծրագրով, եւ հիմա այդ շենքերը ճաքեր ունեն: Մենք այդքան ջուր հանում ենք, ձկներ ենք բուծում, այդքան կարեւո՞ր է ձուկը մեզ համար, պետք է հաշվել, թե որնէ ավելի կարեւոր, ձուկը, թե այն ջուրը, որի վրա նստած է Արարատյան դաշտը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Խոսելով Ամուլսարի մասին՝ նախագահն ասաց, որ եթե տեխնոլոգիան լավը չէ, եւ կվնասի, կաղտոտի ջրերը, հետեւաբար շատ մեծ խնդիր կունենան:

«Բայց խնդիրը միայն Ամուլսարը չէ, Ամուլսարը, կարծեմ, սիմվոլ է: Մենք ունենք ընդհանրապես բնապահպանական խնդիրներ, որոնք կապված են լեռնամետալուգրայի հետ: Կարծում եմ, որ վարչապետը շատ ճիշտ է, որ բոլոր հարցերը պետք է ուշադիր քննարկվեն, եւ խնդիրներին լուծումներ տրվեն, որովհետեւ մենք չենք կարող թույլ տալ, որ լեռնաարդյունաբերության պատճառով աղտոտենք մեր ամենակարեւոր բնական ռեսուրսը՝ ջուրը»,- ասաց Արմեն Սարգսյանը՝ հավելով, որ Հայաստանը կարող է նաեւ ջուրը վաճառել, ինչը չի անում:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որոնք վերաբերում էին Ամուլսարի հետ իր առնչությանը՝ Արմեն Սարգսյանն ասաց, որ 5-6 տարի առաջ իրեն առաջարկել են, որ դառնա «Լիդիան» ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ:

«Մամուլը գրեց, որ ես եղել եմ այդ ընկերության տնօրեն, ինչը ճիշտ չէ: Անկախ նշանակում է, որ ես կամ իմ ընտանիքի անդամներից որեւէ մեկն անգամ 1 դոլար շահ ունենալու իրավունք չունի: Հիշեցնենք, որ այդ նույն կազմակերպության անդամներն են Եվրոպական բանկն ու Համաշխարհային բանկը: Իմ այնտեղ լինելու նպատակներից մեկը շատ պարզ էր, այդ օրերին՝ 5-6 տարի առաջ, նույն Ամուլսարի եւ Կառավարության միջեւ լիցենզիա ստանալու եւ չստանալու խնդիր կար: Ես եղել եմ խորհրդի անդամ, խորհրդի նիստերին չեմ մասնակցել, հնարավորություն եմ ունեցել փաստաթղթերին ծանոթանալ, ծանոթացել եմ ու մոտ 3 ամիս հետո դուրս եմ եկել: Վերջակետ: Էթիկայից ելնելով չեմ կարող ասել, թե ինչ նամակներ եմ գրել եւ ինչ կարծիք: Դրանից հետո որեւէ կապ չեմ ունեցել այդ ընկերության հետ, նորից վերջակետ»,- ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ պետք է ուշադիր նայենք, լուծումներ գտնենք, որ այն արտադրությունները, որոնք անվնաս են, անպայման գոյություն ունենան, մնացածները՝ ոչ, բայց դրա դատավորն ես չեմ: Պարոն Փաշինյանը վերջերս այդ հարցով զբաղվում է եւ ես իմ ողջ աջակցությունը կտամ»,-ընդգծեց ՀՀ նախագահը:

Անդրադառնալով «Լիդիանի» տերերին Արմեն Սարգսյանն ասաց, որ ի տարբերություն այլ լեռնահանքային ընկերությունների, դրանք Կանադայի բորսայում գրանցված ընկերություն է: «Թաքնված չեն, սա եւս առավելություն է: Ցանկալի կլիներ, որ ոլորտի բոլոր ընկերությունները հանրային ու բաց լինեին: Ընկերությունների ցանկերը լիներ, ոչ թե լիներ մի ընկերություն, որի հետեւում պարզվել ուրիշ մարդիկ են կանգնած»: