Իշխանությունները կոչված են, որ ստեղծեն մի այնպիսի համակարգ ու պայմաններ, որ սեփական երկրի քաղաղաքացիներն ապրեն ազատ ու երջանիկ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի ժամանակ դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը՝ չհամաձայնելով նախագահի մինչ այս հնչեցրած տեսակետի հետ, թե ՀՀ-ում հեղափոխություն է եղել:

«Դուք ասացիք, որ եկել է իշխանություն, որ մարդկանց ժպիտ է պարգեւում ու երջանիկ լինելու պայմաններ է ստեղծում, ինչը չկար մինչեւ հեղափոխությունը: Բայց իշխանությունները կոչված են, որ ստեղծեն մի այնիսի համակարգ, որ քաղաքացիները կապրեն երջանիկ ու կժպտան: Սա հեղափոխությո՞ւն է, թե՞ պարզապես իշխանափոխություն»,-հարցրեց Շահեն Հարությունյանը:

Ի պատասխան Արմեն Սարգսյանն ասաց, որ հարցում արդեն իսկ կար պատասխանը, քանի որ, եթե մարդիկ ժպտում են՝ եկել է իշխանություն, որին հավատում են, ինչպես նաեւ հավատում են իրենց ապագային:

«Մարդիկ չեն ապրում այսօրվա կյանքով, դուք էլ չեք ապրում հենց այսօրվա կյանքով, այլ ապրում եք ապագայով, ժպտում եք, որովհետեւ ձեր ապագան ավելի լավն եք տեսնում: Հետեւաբար, այո, հեղափոխություն է տեղի ունեցել, եկել են իշխանության մարդիկ, որոնց վստահում է ժողովուրդը: Իմ պատկերացմամբ՝ սա ոչ թե փոփոխություն է, այլ հեղափոխություն»,- ասաց նա:

Շահեն Հարությունյանն էլ հակադարձեց՝ նկատելով, որ դա հավատ է իշխանության նկատմամբ, ոչ թե հեղափոխություն:

Հանրապետության ղեկավարն էլ իր հերթին նշեց, թե այդ բնորոշման հետ էլ է համաձայն. «Այո՛, հավատ կա իշխանության նկատմամբ, բայց ինչո՞ւ չկար հավատ նախկին իշխանության նկատմամբ, եւ ինչպե՞ս տեղի ունեցավ այդ փոփոխությունը: Տեղի ունեցավ, որովհետեւ տեղի ունեցավ մեծ փոփոխություն, որը կարող եք հեղափոխություն կամ հեղաշրջում անվանել, կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ մարդիկ հիմա ժպտում են»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

«Եթե մի օր Սահմանադրությունը նորից փոխվի, ապա դա պետք է տեղի ունենա ժողովրդի կամքով: Շատ քիչ երկրներ կան, որոնք հեղափոխություն են արել առանց արյան… այդ իմաստով մենք «աշխարհի չեմպիոն» ենք: Եկել են մարդիկ իշխանության, որոնց ժողովուրդը վստահում է»,-ընդգծեց ՀՀ նախագահը: