Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ազդվել է կապանցիների սուլոցներից, վանկարկումներից  եւ հրաժարական տվել: NEWS.am-ի հետ զրույցում  ՀՀԿ-ական քաղաքապետը  ասել է, թե նաեւ դա է նպաստել է իր հրաժարականի որոշմանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Կապանում վարչապետի հետ հանդիպման ժամանակ տեղացիները սուլոցներով էին դիմավորել ՀՀԿ-ական քաղաքապետին:  Քաղաքացիները վանկարկել էին՝ «Դուք ՀՀԿ-ի դրածոն եք», «Ձեր ռեժիմը անցյալում է»:  Նիկոլ Փաշինյանի այցից անմիջապես հետո  քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց հրաժարականի մասին:

Նրա հրաժարականը կապանցիները պահանջել են նաեւ ապրիլյան հեղափոխության օրերին, սակայն վերջինս դիմադրել է:  Հարցին՝ ինչո՞ւ  հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո, արդեն նախկին քաղաքապետը պատասխանել է. «Ապրիլյան օրերին փոքրաթիվ մարդիկ պահանջել են եւ խաղաղվեց: Ես ամեն ինչ ասել եմ իմ գրառման մեջ, կարծում եմ, որեւէ նոր բան չեմ ասելու, կա այն, ինչ կա: Էսօրվա իմ փիլիսոփայությունը թույլ չի տալիս, որ ես շարունակեմ»,-ասել է քաղաքապետը:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է լքել ՀՀԿ-ն, նա պատասխանել է. «Հինգ տարուց ավելի աշխատել եմ որպես համայնքի ղեկավար եւ կաշկանդված չեմ եղել իմ կուսակցական պատկանելությամբ, ես դրանով չեմ առաջնորդվել: Դուրս կգամ, չեմ գա, մեկը մյուսի հետ չկապենք, եթե մի քանի օր առաջ հարցնեիք՝ պատրաստվում եք քաղաքապետ պաշտոնից հրաժարական տալ, կասեի՝ ոչ, այնպես որ չեմ ուզում գուշակություններ անել՝ կմնամ ՀՀԿ-ում, թե ոչ»: