«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը  նոր իշխանություններին բողոքեց դատավարության ընթացքից: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 11-ին, հայտարարեց Պավլիկ Մանուկյանը

«Ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում, այն, ինչին մենք նվիրվել ենք մեր ժողովրդի ազատության, բռնազավթած իշխանությունը ետ բերելու համար, ուղղակի պատժվում ենք: Էն խեղճ ոստիկաններին, որ բերել դրել էիք ստեղ, նայում եմ մեր տղաներին, վաղը, մյուս օրը պիտի զինվոր դառնան, երեւի գիտեք իրավիճակը ինչ է պահանջում: Կանխամտածված հետաձգումը երկրի զարգացման կանխամտածված արգելակումն է, ոնց որ տոռմուզած գնանք, մենք հանցագործներ չենք, մենք գնացել ենք կանխամտածված երկիրը, իշխանությունը ետ բերելու ժողովրդին: Բայց այսօր էս դանդաղ ընթացքը, մեր ազատությունը ոնց որ աճուրդ-վաճառքի դրված լինի: Ինձ թուրքական բանտում չկարողացան երկու անգամ գնել, ոչ դոլարով, ոչ ռուբլիով, չկարողացան, ես մնացի իմ ժողովրդի չվաճառված զինվորը։ Մենք ինչպե՞ս ապացուցենք, որ մեր երկրի զինվորն ենք, մեր ժողովրդի կյանքի, անվտանգության համար ենք գնացել։ Այսօր մի տեսակ բոշաները, ցեղասպանները, բդեշխները կարող են տուգանվել, իսկ մեզ մի քիչ թուլացնել: Ես շատ եմ ոզում այս դատարանի դահլիճից դուրս եմ  գալ եւ Ձեզ ասել՝ պարոն դատավոր»,-ասաց նա:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց․ «Ինչի՞ց եք դժգոհ, որ դատարանը Ձեր ընկերների նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխում է»:

Պավլիկ Մանուկյանը դատավորին պատասխանեց, որ այս ընթացքից է դժգոհ, իրենք դատավարությունից չեն խուսափի:

Պավլիկ Մանուկյանը շնորհավորեց նաեւ Ժիրայր Սեֆիլյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ Մխիթար Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց, նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: