Հայաստանը պատրաստ է համագործակցել բոլոր ուղղություններով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե դեպի ուր է գնում Հայաստանը՝ Եվրոպայի, թե՞ Ռուսաստանի ուղղությամբ։

«Հայաստանը որեւէ տեղ չի գնում, Հայաստանը իր տեղում է, այլ բան է, որ պատրաստ ենք համագործակցել բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Եվրոպայի հետ։ Դրա վկայությունն  է CEPA-ի ստորագրումը եւ այն գործընթացը, որը շարունակվում է»,–ասաց նա։

ԱԳ փոխնախարարը շեշտեց՝ արտաքին քաղաքական առաջնահերթյունը պրոհայկական է. «Ամեն պետություն ելնում է իր սեփական շահերից եւ կառուցում իր հարաբերությունները այլ պետությունների հետ շահերի համընկնման հիմքով։ Պետք չի սպասել այս կամ այն  պետությունից ավելի, քան այն շահերը, որ կան։ Այդ տեսակետից ՀՀ արտաքին քաղաքականությունը պարզ է՝ որ պրոռուսական, ոչ պրոարեւմտյան, այլ պրոհայական»։

Նա շեշտեց, որ հայկական կողմը պատրաստ է բոլոր ուղղություններով խորացնել հարաբերությունները. «Պատահական չէ, որ վարչապետի առաջին այցը եղել է Վրաստան։ Մեզ համար շատ կարեւոր է էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Վերջերս հայտարարվեց, որ վարչապետը հրավիրված է Իրան, հստակեցվում են դրա ժամկետները։ Պատահական չէ, որ առաջին այցերից մեկը եղել է ՌԴ։ Ճիշտ է՝ դա բազմակողմ ֆորմատ էր, բայց եղել են հանդիպումներ»։

Քոչարյանը բնական համարեց ՀՀ–ի նկատմամբ ուշադրությունը թե հեղափոխության ժամանակ, թե դրանից հետո։ «Ընդհանուր առմամբ Հայաստանի նկատմամբ  ուշադրությունն ավելացել է բոլոր ուղղություններով, եթե դուք դատեք մամուլով, դա վերաբերում է եւ՛ Եվրոպային, եւ՛ Ռուսաստանին, եւ՛ ԱՄՆ-ին»։