Թուրք լուսանկարչին հերոս են ճանաչել այն բանից հետո, երբ նա միջամտել է՝ Թուրքիայում անչափահասների ամուսնությունների թվի աճի շուրջ անհանգստության ֆոնին կանխելու 15-ամյա աղջկա ամուսնությունը: Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը:

Մալաթիա նահանգում Օնուր Ալբայրաքին հրավիրել են հարսանիք լուսանկարելու: Սակայն տեսնելով հարսնացուին՝ նա հասկացել է, որ նա չափազանց երիտասարդ է, բացի այդ՝ դողում է վախից: Պարզվել է՝ նա ընդամենը 15 տարեկան է: Այդ ժամանակ Ալբայրաքը փորձել է դադարեցնել արարողությունը եւ կոտրել է փեսացուի քիթը:

«Հավասարություն հիմա» արշավի գործադիր տնօրեն Յասմին Հասանը հաղորդել է, որ չնայած օրենքով ամուսնության նվազագույն  տարիք է սահմանված 18 տարեկանը, անչափահասների ամուսնությունները երկրում հազվադեպ չեն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անչափահասների ամուսնության թվով Թուրքիան ամենաբարձր ցուցանիշներից մեկն է արձանագրում Եվրոպայում: Թուրքիայում աղջիկների 1%-ն ամուսնանում է մինչեւ 15 տարեկանը, եւս 15%-տ՝ մինչեւ 18 տարեկանը: