Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի գեղարվեստի եւ պատմության թագավորական թանգարան: Այստեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

Բելգիայի վարչապետը ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից եւ գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային լուսանկարահանում:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Քարնեգի կենտրոնի փորձագետների և Եվրամիության պաշտոնյաների հետ: Բրյուսել այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: