Խնդրահարույց է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը կոչված աջակցության կենտրոնները կարող են դիմել դատարան եւ դրա համար պարտադիր է բռնության ենթարկված անձի դիմումը, ինչը սահմանափակելու է իրավական կարգավորումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կարգավորումներին:

Զոհրաբյանի խոսքով, բոլորն էլ գիտեն, որ ընտանիքներում բռնության ենթարկված կինը, եթե անգամ մեծ ցանկություն ունի դիմել իրավապահ համակարգին, նրա վրա կրկնակի ճնշում է գործադրվում այդ դիմումը չներկայացնելու համար:

«Իսկապես ընտանիքում բռնությունը լուրջ խնդիր է, որքան էլ արտառոց կարծիքներ հնչեն, թե դա մեր ընտանիքի ավանդույթն են, ինձ համար չի կարող ընդունելի լինել, որ ընտանիքում բռնությունը կարող է նորմ լինել»,-ասաց նա՝ ներկայացնելով վերջին ամիսների տվյալները:

«2018-ի 5 ամիսներին քննվել է ընտանեկան բռնության 289 դեպք, որոնցից 35-ով հարուցվել է քրեական գործ: Այս ընթացքում գրանցվել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ 174 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 9 դեպք: Ի դեպ, Հայաստանում բռնության է ենթարկվում կանանց 25 տոկոսը, իսկ տղամարդկանց 1 տոկոս, ծնողի կողմից զավակի նկատմամբ բռնության 26 դեպք, երեխաների կողմից ծնողի նկատմամբ՝ 31 դեպք: Սրանք արձանագրված դեպքերն են, իսկ բռնության լատենտ դեպքերը որեւէ ձեւ չեն արձանագրվում, եւ որոնց վերաբերյալ տուժածը չի հրապարակայնացնում, այդ թվերն ավելի մեծ են»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա կոչ արեց ոչ թե ընդունել օրենքն ու անցնել առաջ, այլ ակտիվ մեխանիզմներ կիրառել աջակցության կենտրոնները գոնե դեկտեմբերից կիրարկելու համար: