Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հայտարարել է երկրի նոր կառավարության կազմը, որում երեք նոր նախարար կա, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Ինչպես հայտնի է, շուտով Վրաստանի կառավարությունում 13-ի փոխարեն 11 նախարար կլինի եւ  մեկ պետական նախարար: «Փոքր կառավարության» հայեցակարգը նպատակ ունի օպտիմալացնել գործադիր իշխանության աշխատանքը եւ նվազեցնել ծախսերը:

Կառավարությունում նոր դեմքեր կդառան Իվանե Մաչավարիանին, որը կղեկավարի Վրաստանի ֆինանսների նախարարությունը, Միխայիլ Բաթիաշվիլին, որը կգլխավորի Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, ինչպես նաեւ Գեորգի Քոբուլիան, որը  կդառնա էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար:

Դավիթ Զալքալիանին կմնա Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Ենթակառուցվածքների եւ Կայուն զարգացման նախարարությունը կշարունակի ղեկավարել Մայա Ցկիթիշվիլին, Վրաստանի ՆԳՆ-ն՝ Գեորգի Գախարիան: Արդարադատության նախարար է մնում Թեա Ցուլուկիանին, իսկ պաշտպանության նախարար՝ Լեւան Իզորիա: Դավիթ Սերգեյենկոն կգլխավորի օկուպացված տարածքներից փախստականների հարցերով, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը: Քեթեւան Ցիխելաշվիլին նոր կառավարությունում կզբաղեցնի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի պաշտոնը:

Կառավարության նորացված կազմին պետք է վստահություն հայտնի Վրաստանի խորհրդարանը: Ակնկալվում է, որ քվեարկությունը կկայանա մինչեւ շաբաթվա վերջ: