«Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի  պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց առանձնացնել Եղնուկյանի մասը խմբի 11 անդամների գործից: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հուլիսի 12-ին տեղի ունեցած նիստին, Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ պետք է դադարեցվի Կարո Եղնուկյանի  նկատմամբ հետապնդումը:

Պաշտպանը նշեց, որ մեղադրանքի հիմքում մի քանի հեռախոսազանգեր են, եթե գործն առանձնացվի, ապա մի քանի նիստի ընթացքում կկարողանան լսել այն հեռախոսազանգերի վերծանումները եւ շատ արագ դատաքննությունը կազատվի:

Տիգրան Հայրապետյանն ասաց, քանի որ Կարո Եղնուկյանը գրավի կիրառմամբ  է գտնվում ազատության մեջ, չի կարող լքել երկիրը, այնինչ Եղնուկյանի 83-ամյա մայրը ԱՄՆ-ում է, սրտի վիրահատության պատճառով չի կարողանում Հայաստան գալ եւ 2016 թվականից  հետո որդուն չի տեսել, ուստի սա եւս պատճառ է, որպեսզի Եղնուկյանի գործն առանձնացվի:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ կարո Եղնուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր չկան: Ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին տեսակցելու եւ տնտեսական գործունեություն ապահովելու մասին, ապա պետք է այս ամենը հաստաող փաստաթղթեր լինեն: Նրա կարծիքով՝ միջնորդության քննությունը պետք է հետաձգվի:

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց գործից մաս անջատելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգել մինչեւ ապացույցների հետազոտությունը, ընտանիքին տեսակցելու եւ աշխատելու հետ կապված Կարո Եղնուկյանին  խնդրեց փաստթղթեր ներկայացնել դատարանին:

Միջնորդությունը կքննարկվի ապացույցների հետազոտությունից առաջ:

Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանի համար շտապօգնության մեքենա հրավիրվեց դատարան։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող գործով «Սասնա ծռեր»-ի 11 անդամներն էլ գտնվում են ազատության մեջ, նրանց խափանման միջոցը փոխվել է:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի մասով առանձնացված գործը: