ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սարիգյուղ համայնքի ղեկավարի կողմից յուրացում կատարելու դեպքի հանգամանքները:

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

2018թ. ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Սարիգյուղ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով ոստիկանությունում հարուցված քրեական գործը, կազմվել է քննչական խումբ, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Սարիգյուղ համայնքի ղեկավար Կ.Էլլարյանը, 2015-2016թթ. հանդիսանալով պաշտոնատար անձ եւ ժամանակավորապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, «Տեղական սերմնարտադրողներից եւ Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման եւ բաշխման գործընթացը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության 31.08.2015թ. N 1001-Ն որոշման հիման վրա՝ ստացել է ընդհանուր 2.448.000 ՀՀ դրամ արժողությամբ 15 տոննա 300 կիլոգրամ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ Սարիգյուղ համայնքի բնակիչներին հատկացնելու համար։

Քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է նշված սերմացուի վաճառքից գոյացած՝ 1.500.000 ՀՀ դրամը:

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է եւս 574 հազար դրամի հափշտակություն՝ կատարված 2014թ.։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սարիգյուղ համայնքի ղեկավար Կ.Էլլարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 2.074.000 ՀՀ դրամ վնասը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: