Հայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ՆԱՏՕ-ում Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Միշելին ջերմ հյուրընկալության համար: Աֆղանստանում խաղաղության եւ կայունության միջազգային ջանքերին նվիրված այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար պատվաբեր է:

Խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաեւ ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը: Ինչպես գիտեք, Հայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով:

Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանի հասարակության հասունության հստակ դրսեւորումն էր, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին նրա հանձնառության գրավականը:

Տիկնայք եւ պարոնայք,

Այսօրվա հավաքը վերստին կարեւորում է միջազգային անվտանգության խնդիրները եւ այդ հարցում առկա կոլեկտիվ մոտեցումը պահպանելու անհրաժեշտությունը: Մեզ բոլորիս համախմբում է ամուր հավատն ու պատրաստակամությունը՝ խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն բերելու Աֆղանստանի բարեկամ ժողովրդին:

Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարության` պետականաշինության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ջանքերը: Դա հնարավոր չէր լինի առանց Աֆղանստանի ժողովրդի, բանակի եւ անվտանգության ուժերի անմնացորդ նվիրվածության եւ զոհողության: Այնուամենայնիվ, դեռեւս շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացն անշրջելի դառնա:

Որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով, Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերին:

Խաղաղ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում եւ բոլոր կողմերի դիրքորոշումների քննարկում: Հետեւաբար, մենք պետք է համախմբենք միջազգային հանրության ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, ինչն անչափ կարեւոր է եվրոպական անվտանգության համար ընդհանուր առմամբ:

2010 թվականից ի վեր Հայաստանը նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը, նախ` Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժեր գործողության (ISAF), այնուհետեւ` «Վճռական Աջակցություն առաքելության» շրջանակներում: Մենք գնահատում ենք արդյունավետ համագործակցությունը Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ, ինչը, իմ կարծիքով, ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների միջեւ գործընկերության լավագույն եւ ամենավառ օրինակներից է:

Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներգրավվածությունն առաքելությանը մինչեւ 130 հոգանոց զորախմբով: Մենք նաեւ հայտնել ենք մեր պատրաստակամությունը, մասնակցելու ՆԱՏՕ-ի Կայուն գործընկերության առաքելությանը, երբ այն գա փոխարինելու Կայուն աջակցություն առաքելությանը:

Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի գլխավորությամբ եւ Աֆղանստանի մասնակցությամբ իրականացվող ներառական խաղաղության գործընթացին: Ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ մենք կշարունակենք աջակցել բարեկամական Աֆղանստանում համակողմանի խաղաղություն, բարգավաճում եւ կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին: