Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում հունիսի 20-ին տեղացած կարկուտի վնասների փոխհատուցում դեռ չի եղել: Ամբերդի համայնքապետ Մանվել Բաբայանը NEWS.am-ի հետ զրույցում  ասաց, որ վնասների գնահատում եղել է, արդյունքներն էլ մարզպետարանը փոխանցել է Կառավարությանը, սակայն դեռ պատասխան չեն ստացել:

«Մենք միայն կցանկանանք, որ մեր վարկերը սառեցնեն, որովհետեւ այս պահին ոչ մի հնարավորություն չունի գյուղացին վճարելու: Եթե 1 տարով սառեցնեն վարկի տոկոսագումարների եւ մայր գումարի վճարումները շատ լավ կլինի, գոնե մյուս տարի հույս ունենք, որ կկարողանանք վճարել»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամբերդում կարկուտից խաղողը վնասել 60-80 տոկոս, բանջարեղենը 100 տոկոսով, ցորենն ու գարին 50 տոկոսով, մրգատու այգիները 80 տոկոսով: Ընդհանուր առմամբ 217 հա այգիներ եւ ցանքատարածություններ են վնասվել:

Նշենք, որ հունիսի 20-ին կարկուտը վնասել է Արմավիրի մարզի Արագած, Ամբերդ, Աղավնատուն եւ Լեռնամերձ համայնքների այգիներն ու հողամասերը: Դրանից հետո մարզպետ Գագիկ Միրջանյանը այցելել է կարկուտից տուժած համայնքներ եւ խնդրել գնահատել վնասները: