«Բյուրականի» արվեստների ակադեմիայում այսօր՝ հուլիսի 12-ին տրվեց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեության մեկնարկը։ Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից։

Աննա Հակոբյանի խոսքով՝ հիմնադրամը կդառնա յուրատեսակ հարթակ տարատեսակ խնդիրների լուծման համար, որոնք տարբեր պատճառներով կառավարության կողմից ամբողջական լուծում չեն ստացել։ Ակնկալվում է, որ հիմնադրամը կհովանավորի տարբեր նախագծեր։ Բացի այդ՝ հիմնադրամը կիրականացնի նաեւ մի քանի սեփական նախագծեր։

Աննա Հակոբյանը խոստացավ, որ հիմնադրամի գործունեությունը եւ ծրագրերի ֆինանսավորումը կիրականացվեն թափանցիկ հիմունքներով՝ «բլոկչեյն» համակարգի ներդրման շնորհիվ։ Տեխնիկական այս համակարգը մշակման փուլում է գտնվում եւ կսկսի գործել մոտ ժամանակներս։

Վարչապետի տիկինը տեղեկացրեց, որ հիմնադրամի հիմնական գործունեությունը կներառի մշակույթի, կրթության եւ սոցիալական ապահովության ոլորտները, իսկ հաստատման ներկայացված նախագծերը կգնահատվեն համապատասխան փորձագետների կողմից։ Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ հիմնադրամի առաջին նախագիծը կիրականացվի արդեն այս տարվա հոկտեմբերին: «Մենք բաց ենք համագործակցության համար»,- ընդգծեց նա:

Հակոբյանը նաեւ հայտնեց, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո հիմնադրամի ղեկավարությունը կփոխանցվի ՀՀ հաջորդ վարչապետի տիկնոջը:

«Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվել է այս տարվա հունիսին: Մոտ ապագայում նախատեսվում է Հոգաբարձուների խորհուրդ ձեւավորել եւ գործադիր տնօրեն ընտրել: