Facebook-ի մշակողները ստիպել են «տուրիստից» եւ «գիդից» բաղկացած արհեստական ինտելեկտի համակարգին ճանապարհ գտնել վիրտուալ Նյու Յորքում: Փորձարկման ընթացքում հետազոտողները հետեւել են, թե ինչպես համակարգչային ալգորիթմները կարող են կողմնորոշվել տարածության մեջ եւ տեղեկություն հայտնել, հաղորդում է N+1-ը:

Ծրագրավորողների կողմից ստեղծված Talk The Walk համակարգը երկու գործակալից է բաղկացած, որոնք շփվում են միմյանց հետ բնական կամ համակարգչային լեզվով: Փորձարկման ընթացքում Նյու Յորքի «Դժոխային խոհանոց» թաղամասի պատահական հատվածում թողնված «տուրիստը» «գիդի» օգնությամբ պետք է գտներ ճանապարհը դեպի նախանշված կետը: Դրա համար այն հայտնում է իր գտնվելու վայրն այն ձեւով, ինչպես կաներ դա մարդը: Դրանից հետո երկու գործակալները սկսում են երկխոսություն վարել. «տուրիստը» պատմում էր, թե ինչ է տեսնում, իսկ «գիդը» ճշտող հարցեր էր տալիս եւ ուղղորդում երկրորդ գործակալին:
The Talk The Walk համակարգն իր մեջ միանգամից երեք հմտություն է համատեղել՝  ընկալում (քաղաքով տեղաշարժվող «զբոսաշրջիկ») գործողություններ կատարել (վիրտուալ միջավայրի միջոցով նավիգացիա) եւ ինտերակտիվ երկխոսություն («գիդի» եւ «տուրիստի» շփումը):

Իրենց աշխատանքի համար ծրագրավորողները նկարահանել էին «Դժոխային խոհանոցի» 360 աստիճանով պանորամաները, սակայն «գիդը» նավիգացիայի համար երկչափ քարտեզ էր օգտագործում, այն գիտեր, թե որտեղ է գտնվում վերջնական կետը, սակայն նրան հայտնի չէր «տուրիստի» գտնվելու վայրը: «Տուրիստը», ընդհակառակը, ուներ 360 աստիճանի պատկերը, սակայն չգիտեր, թե որտեղ է գտնվում վերջնական կետը եւ ինչպես դրան հասնել:

Փորձարկման համար անհրաժեշտ տվյալների բազան ստանալու համար մշակողները կամավորների էին գրավել Amazon Mechanical Turk ծառայության միջոցով: Կամավորները երկխոսություն էին վարում՝  պարբերաբար փոխվելով դերերով: Ընդհանուր առմամբ, հետազոտողները ավելի քան 10 հազար հաջող երկխոսություն էին հավաքել. մարդկանցից միջինում 44 գործողություն էր պահանջվում եւ 8-9 ռեպլիկ՝ դրված խնդիրը կատարելու համար: