Վերջին 1 ամսում դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործերով արդեն իսկ մեղադրյալների կամ ամբաստանյալների վերաբերյալ կայացվել է կալանավորումը անազատության հետ չկապված այլ փոխանման միջոցով փոխարինելու մասին ընդհանուր 107 որոշում:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ դրանցից 65-ը կայացվել է դատական քննության, իսկ 42-ը՝ նախնական քննության ընթացքում:

Բացի նշվածից, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու) հատկանիշներով քննվող քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ վերացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 243 որոշում: Արդյունքում, փաստորեն, թվով 243 քաղաքացիներ հնարավորություն են ստացել օրենքով սահմանված կարգով լուծել պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտավորության հետ կապված խնդիրները:

 Քանի որ խափանման միջոցների կիրառման պրակտիկայում տեղի ունեցող բարեփոխումներից ածանցվում են նաեւ քրեական գործերով քննության անխոչընդոտ ընթացքի հնարավոր ռիսկեր, ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազական ներգործության գործիքակազմով ապահովել, որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կիրառվում է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց, խիստ հսկողություն իրականացվի մեղադրյալների պատշաճ վարքագծի դրսեւորման, այդ խափանման միջոցների պայմանների պահպանման նկատմամբ: Իսկ խախտման ցանկացած դեպքի մասին վարույթն իրականացնող մարմնի իրազեկ լինելու դեպքում պետք է անհապաղ քննարկվի կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը:

 Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել նաեւ այլընտրանքային խափանման միջոցների ներդրմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծ:

 Միաժամանակ, ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացված տեղեկատվության՝ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարներում գտնվել է 3436 անձ, որոնցից 1330-ը՝ նախնական կալանքի տակ գտնվող անձինք, իսկ հուլիսի 1-ի դրությամբ՝ 3290 (146-ով պակաս) անձ, որոնցից 1228-ը (102-ով պակաս)՝ նախնական կալանքի տակ գտնվողները: