Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջնահերթ խնդիրն ինժեներական կրթությունն  է, նորագույն տեխնոլոգիաների յուրացումն ու դրանց հիմքի վրա նորարարական լուծումների ձեւավորումը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտ է ավելացնել նորարարական ընկերությունների թիվը, որոնք իրենց հետ երկիր կբերեն նոր տեխնոլոգիաներ, կյուրացնեն եւ կսովորեցնեն մյուսներին։ Ընդ որում՝ դրանք կարող են լինել ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական ընկերություններ, որոնք ուղղորդված են դեպի արտահանում։

«Մենք լուրջ խնդիրներ ունենք բարձր տեխնոլոգիաների արտադրության հետ կապված, քանի որ չենք կարողանում լաբորատորիայից արդյունավետորեն դուրս գալ արտադրություն, եւ դա բազմաթիվ պատճառներ ունի՝ ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ, մասամբ՝ նաեւ քաղաքական»,- նշեց փոխնախարարը։

Նա նաեւ հավելեց, որ հայկական ՏՏ ընկերությունները պետք է լայնորեն ներկայացված լինեն կառավարման ոլորտում, այսինքն՝ թվայնացման եւ կիբերանվտանգության ապահովման գործընթացում, որ կարողանան յուրացնել այդ տեխնոլոգիաները եւ փորձարկել:

«Սրա հետ մեկտեղ՝ ներքին շուկայի ընկերությունները գերադասելի են, քանի որ դրանք կապահովեն արագ եւ դինամիկ տեխնիկական աջակցություն, նոր տարբերակների ստացում եւ ուղղակիորեն դրանց պարտավորություններն ավելի շատ կլինեն»,- հավելեց Հակոբ Արշակյանը։ Այդպիսի ընկերությունները, նրա խոսքով, Հայաստանում շատ են: Դրանց թվում կան այնպիսիք, որոնք լավ լուծումներ ունեն՝ ինչպես մշակման, այնպես էլ կիրառման փուլում։ «Եվ դա պետք է կրի շարունակական բնույթ»,- նկատեց նախարարի տեղակալը։