Հայաստանի նորարարական, թվային եւ արդյունաբերական օրակարգը պետք է կենտրոնացված լինի մեկ պետական գերատեսչությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես պետական համակարգ, հետ է մնում թվային փոխակերպումների համաշխարհային միտումներից: «Եվ դա ունի իր պատճառները. Հայաստանի նորարարական, թվային եւ արդյունաբերական օրակարգը բաշխված է տարբեր գերատեսչությունների միջեւ, կենտրոնացված չէ. մեկ տեղում քննարկվում են տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաները, մյուս տեղում՝ թվային օրակարգը, ֆունկցիաների տեսքով նորարարությունները՝ երրորդ տեղում, իսկ կիբերանվտանգության խնդիրը բոլորովին այլ տեղում, չխոսելով արդեն հիմնադրամների  ու կոմիտեների մասին»,- ասաց փոխնախարարը:

Նրա կարծիքով՝ ՏՏ օրակարգն իրականացնելու համար կառավարության մակարդակով անհրաժեշտ է հավաքել նշված կառույցները եւ կառավարել դրանք մեկ կենտրոնից:

«Այս փոքրիկ կառույցները ստեղծվել են տարբեր նպատակների համար, տարբեր պաշտոնյաների կողմից, արդյունքում նպատակներն ամբողջությամբ չեն իրականացվել կամ ընդհանրապես չեն իրականացվել: Մեծ հաշվով, ես այս խնդրի լուծումը տեսնում եմ մեկ կառույցի մեջ»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը:

Ի տարբերություն Հայաստանի պետական համակարգի՝ Հայաստանի բիզնես միջավայրը հետ չի մնում միջազգային թվային օրակարգից. հայկական ընկերությունները նոր տեխնոլոգիաներ են ներդնում, իրականացնում են նորարական նախագծեր, հաղթում են մրցույթներում, արտադրանք են մշակում:

 

Եվրոպան պետք է սկսի իր ապագան առանց ԱՄՆ-ի կառուցել. The Washington Post-ի սյունակագիր