The Sun-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքական ֆիգուրների, այդ թվում՝ թագուհի Եղիսաբեթ II-ի մասին, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով SkyNews-ը:

ԱՄՆ նախագահը հիացմունքով է արտահայտվել Մեծ Բրիտանիայի թագուհու մասին: Նրա խոսքով՝ բրիտանական միապետն արդեն երկար տարիներ է շատ լավ է ներկայացնում իր պետությունը, եւ խոստովանել է, որ անհամբեր սպասում է նրա հետ հանդիպմանը: «Պատկերացրեք, թե արդեն քանի տարի է նա ներկայացնում իր երկիրը եւ երբեք որեւէ սխալ թույլ չի տվել: Դուք որեւէ ամոթալի կամ սկանդալային բան չեք գտնի: Նա պարզապես հիանալի կին է»,- ասել է Թրամփը:

Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ իր կինը՝ Մելանիա Թրամփը, թագուհու «սարսափելի երկրպագուն է»: Միացյալ Նահանգների առաջին տիկինը անկեղծորեն հիանում է Եղիսաբեթ II-ով:

Նախօրեին, մեկնաբանելով Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից, Թրամփը նշել է, որ «Brexit-ը մնում է Brexit»: