Երեւանի ավագանին հուլիսի 16–ին պետք է քաղաքապետ ընտրի։ Առայժմ «Երկիր ծիրանի» խմբակցությունն է պաշտոնապես հայտարարել, որ առաջադրելու է խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։ «Ելք» դաշինքում քննարկումները շարունակվում են, իսկ վերջնական որոշման մասին կհայտարարեն վաղը։ Նախնական տեղեկություններով՝ «Ելք»–ը թեկնածու չի առաջադրի, հակված  են ավագանու  արտահերթ ընտրություններին, որքան էլ որ ժամանակի սղության պատճառով այն  պահանջի ուժերի գերլարում։

Ավագանիում մեծամասնություն ՀՀԿ խմբակցությունը եւս թեկնածու չի առաջադրի։ Եթե թեկնածու առաջադրելու մտադրություն ունենային, ապա քաղաքապետ Տարոն Մարգարյանը կդիմադրեր եւ հրաժարական կտար միայն Երեւանի 2800–ամյակին նվիրված տոնակատարությունից հետո։ 

ՀՀԿ  խմբակցության անդամ Ենոք Ազարյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց՝  ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում էլ իմաստ չկա մասնակցելու, եթե խնդիրը վարկանիշի դիֆիցիտն է։  «Թեեւ դեռ խմբակցությունը որոշում չի ընդունել  թեկնածու առաջադրելու վերաբերյալ, բայց ես համոզված եմ, որ թեկնածու չի առաջադրի»,–ասաց Ենոք Ազարյանը։ Նշենք, որ եթե հուլիսի 16–ին ավագանին քաղաքապետ չընտրի, ապա օրենքով սահմանված կարգով երկու շաբաթ անց կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունները եւ դրանից հետո 30–40 օրվա ընթացքում նշանակվում է ավագանու ընտրություններ։ Օրենքով սահմանված ժամկետի համաձայն՝ այն կլինի սեպտեմբերի առաջին տասնօրյակում։

Ամենայն հավանականությամբ ՀՀԿ–ն արտահերթ ավագանու ընտրություններին էլ չի մասնակցի։

«Եթե մենք խոսում ենք ընդհանուր վարկանիշի դիֆիցիտի մասին, եւ քաղաքապետը հրաժարական է տալիս,  իմաստը ո՞րն է, որ մասնակցի արտահերթ ընտրություններին։  ինչ իմաստ ունի հրաժարական տալ, բայց մի ամիս հետո մասնակցել ընտրությունների՞ն, ինչ–որ բան չի փոխվի չէ՞, վստահության հետ կապված։ Այս դեպքում ո՞րն է գաղափարը, որ մասնակցեն ընտրություններին»,–ասաց Ազարյանը։