Պաշտպանության նախարարությունում ուսումնասիրում են նախկինում տարբեր պատճառներով զինծառայությունից ազատված պաշտոնյաների զավակների գործերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Ըստ նրա՝ ուսումնասիրվելու են նախկինում տրված բոլոր տարկետումները:

«Խոսքը բոլոր տարկետումների մասին է, անկախ նրանից՝ պաշտոնյայի զավակ է, պաշտոնյայի զավակ չէ, աչքի ընկնող բիզնեսմենի տղա է, թե՝ ոչ»,- ասաց Գեղամ Հարությունյանը, սակայն դժվարացավ խոսել արդյունքների մասին:

Նա նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքները տեսանելի կլինեն հանրության համար:

Գեղամ Հարությունյանը հայտարարեց, որ նախարարությունն ամառային զորակոչի ընթացքում 80 դիմում-բողոք է ստացել, որից 70-ն առողջական խնդիրների ու բժշկական եզրակացությունների վերաբերյալ են: