ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Brexit-ը հրաշալի հնարավորություն է համարել Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ մեծացնելու համար: Նա այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցանկանում ենք առեւտուր անել Մեծ Բրիտանիայի հետ, իսկ Մեծ Բրիտանիան ցանկանում է առեւտուր անել մեզ հետ: Brexit-ը հրաշալի հնարավորություն է մեր միջեւ ապրանքաշրջանառությունը 2, 3, 4 անգամ մեծացնելու համար»,- ասել է նա՝ ի պատասխան հինգշաբթի The Sun բրիտանական պարբերականին տված հարցազրույցում իր ասածը պարզաբանելու խնդրանքին: Դրանում Թրամփը, մասնավորապես, ենթադրել էր, որ եթե Brexit-ը մեղմ սցենարով ընթանա, ապա դա սպառնալիքի տակ կդնի ԱՄՆ-ի հետ Լոնդոնի կնքած առեւտրային համաձայնագիրը:

«Ես չեմ քննադատել, ես վարչապետին մեծ հարգանքով եմ վերաբերվում: Ես ասացի, որ ինքը պետք է որոշում ընդունի՝ ինչ անի: Սակայն ես Թերեզային խնդրեցի երաշխավորել, որ մեր առեւտրում սահմանափակումներ չեն լինելու»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ ԵՄ-ն «ԱՄՆ-ին սարսափելի խաբել է», եւ որ «դա իր գինը կունենա»: «Ես նաեւ ասել եմ, որ այս կինը ֆանտաստիկ, գերազանց աշխատանք է կատարում»,- ասել է Թրամփը՝ Մեյի մասին խոսելիս:

Բրիտանացի վարչապետն, իր հերթին, հավաստիացրել է, որ Լոնդոնի առաջարկած ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների ձեւաչափը Մեծ Բրիտանիայի վրա ահմանափակումներ չի դնում այլ երկրների հետ առեւտրային հարաբերություններ հաստատելիս: