Samsung ընկերության՝ Android- ի եւ iOS- ի հիման վրա աշխատող սմարթֆոններն ամենաանհուսալի սարքերն են, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Blancco տվյալների անվտանգության ապահովման ընկերության զեկույցը:

Blancco-ի մասնագետները կազմել են սմարթֆոնների հակառեյթինգը 2018 թվականի առաջին եռամսյակի համար, որոնք գլխավորել են Samsung-ի սարքերը: Հետազոտողները հարավկորեական ընկերության հեռախոսների խնդիրները գրեթե 27.5 տոկոս են գնահատել:

Android-ի հիման վրա աշխատող ամենաանհուսալի սարքերի շարքում երկրորդ տեղը զբաղեցնում են Xiaomi-ի հեռախոսները՝ 14 տոկոս խնդիրներով, իսկ Motorola-ն՝ երրորդ՝ սմարթֆոններում առկա 9.5 տոկոս խնդիրներով: Չորրորդ եւ հինգերորդ տեղում են HUAWEI եւ InFocus ընկերությունների սարքերը:

Apple-ի արտադրանքի շարքում առավել խնդրահարույց է ճանաչվել iPhone 6 եւ iPhone 6s-ը: Նշվում է, որ այս սմարթֆոնները հաճախ խնդիրներ են ունենում սենսորների աշխատանքում, ինչպես նաեւ՝ Wi-Fi-ին եւ Bluetooth-ին միանալու հետ կապված: