Air China ավիաընկերությունը որոշում է կայացրել իր ինքնաթիռներից մեկի օդաչուներին հեռացնել աշխատանքից Հոնկոնգ—Դալյան թռիչքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Այս մասին նշվում է ընկերության  էջում Weibo ցանցում, փոխանցում է ՌԲԿ-ն։ «Հետաքննությունից հետո ընկերությունում գործող անվտանգության նորմերին համապատասխան, որոշվել է անձնակազմից հեռացնել օդաչուներին եւ խզել աշխատանքային պայմանագրերը»,-նշված է հայտարարությունում։

Միջադեպը տեղի է  ունեցել հուլիսի 10-ին Air China ավիաընկերության Boeing 737-ում, որի սրահում 153 ուղեւոր է եղել։ Հոնկոնգից մեկնելուց կես ժամ անց ինքնաթիռը սկսել է «կորցնել» բարձրությունը, իսկ ուղեւորների նստատեղերին թթվածնային դիմակներ են ընկել։ Մի քանի րոպե անց ինքնաթիռը ցած է իջել 7 կիլոմետրով, սակայն բարձրություն է «հավաքել», շարունակելով ճանապարհը եւ բարեհաջող վայրէջք կատարելով Դալյանում։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2-րդ օդաչուի պատճառով, որը էլեկտրոնային սիագրետ է ծխել, ապա որոշել է անջատել օդափոխիչը, որ ոչ ոք չզգա հոտը, սակայն սխալմամբ անջատել է ուղեւարների սրահի օդափոխությունը, որից հետո թթվածնի կոնցենտրացիան նվազել է, որն էլ բերել է անվտանգության համակարգի միացմանը։