Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն ու շարունակական զարգացում: Այս մասին NEWS.am-ին հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից:

Վարչապետն ընդգծել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական բնույթը և հավելել, որ այն հիմնված է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլ նաև մարդկային ամուր կապերի վրա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցել է ջերմ և արդյունավետ հանդիպում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի  հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել նաև, որ Երևանում աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը ոչ միայն կնպաստի Ֆրանսիայի, այլ նաև ֆրանկոֆոն մյուս երկրների հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը:

Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել վարչապետին դեսպանություն այցելելու և շնորհավորանքների համար: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և իրականացվող փոփոխությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել Ֆրանսիայում, այդ թվում՝ ներդրողների շրջանում և գնալով ավելանում է այն ձեռնարկությունների թիվը, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել ՀՀ-ում: Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր առկա է դրական մեծ էներգիա, որը մեծ ազդեցություն կունենա նաև հայ-ֆրանսիական կապերի և ներդրումների ներգրավման վրա: