Ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ կրակել են հրազենային զինատեսակներից: Արծրուն Հովհաննիսյանի տեղեկություններով՝ ծանր հետեւանքներ չկան: Նա, սակայն, չի նշել, թե ամեն դեպքում ինչ վնասներ են եղել հակառակորդի կրակոցների արդյունքում:

Միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը հայցորդի կարգավիճակում չէ: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է՝ այդ մասին ասել է նաեւ Եվրամիության ղեկավարության հետ հանդիպումներում: Վարչապետը Հայաստանի հանդեպ Եվրամիության քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չի տեսնում՝ չնայած հեղափոխությունից հետո Եվրոպայից հնչած ոգեւորված հայտարարություններին:

ՆԱՏՕ-ում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաեւ հայ-ադրբեջանական սահմանին եւ Արցախի հետ շփման գծում Բաքվի սադրանքների մասին: Հանդիպումներում նույնպես շեշտել է, որ Բաքվի ագրեսիայի պայմաններում արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին խոսք լինել չի կարող, եւ միջազգային հանրությունը պետք է արձանագրի սա:

«Ժառանգություն» կուսակցությունն ակտիվ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ասել է՝ Նիկոլ Փաշինյանին միասնական ցուցակով ընտրությունների գնալու առաջարկ են արել:

Նա համաձայն չէ կարծիքին, որ «Ժառանգություն»-ը վերջին տարիներին պասիվություն է դրսեւորել: Ասում է՝ միշտ էլ ակտիվ կուսակցական գործունեություն են ծավալել եւ կարծում է, որ այս ընտրություններին հաջողության կհասնեն: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի բացահայտումներին. Րաֆֆի Հովհաննիսյանը դրանք համարում է ուշացած, բայց ողջունելի: Նա նաեւ իրավապահներին հորդորում է իրենց գործողություններում խուսափել զգացմունքայնությունից:

Պետեկամուտների կոմիտեի նախագահն այսօր ամփոփել է 2018 թվականի առաջին 6 ամիսների արդյունքները: Հարկային եկամուտներն աճել են 15.6 տոկոսով, ամենաշատ հարկը հավաքագրվել է հունիսին: Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ պետությանը պատճառված 20 մլրդ դրամ վնասից պետբյուջե է մուտքագրվել արդեն 1.5 մլրդը: Նշենք, որ երեքշաբթի կայացած կառավարության նիստում նշվել էր 800 միլիոնի մասին:

ՊԵԿ նախագահը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաեւ լցակայաններում օրերս տեղի ունեցած ստուգումներին: Նա պարզաբանել է, որ բացի «Գազպրոմ Արմենիա»-ից՝ խախտումներ են արձանագրվել խոշոր գործարարների պատկանող լցակայաններում:

Պետությանը պատճառված 7 մլն դոլար վնասը մինչեւ հուլիսի 20-ը կփոխհատուցի նաեւ «Նորֆոլկ» ընկերությունը: Դավիթ Անանյանի խոսքով՝ ընկերությունը մինչեւ այս ամսվա վերջ կլուծարվի, փոխարենը կստեղծվի պետական մասնակցությամբ բաց բաժնետիրական ընկերություն: Մյուս խնդրահարույց հարցն ավտոմեքենաների մաքսազերծումն է: Անանյանը հայտնել է, որ ՊԵԿ-ը մաքսային մարմինների աշխատանքում հստակ տարանջատում է մտցրել ինվոյսային գների եւ հսկիչ գների կիրառման համակարգում: Մեքենաների ներմուծման դեպքում առավելապես կիրառվում են ինվոյսային գները՝ բացառությամբ Վրաստանից ներմուծվողների, քանի որ շատ հաճախ այդ գներն արժանահավատ չեն:

Լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվել են նաեւ՝ ինչպե՞ս է պայքարելու մենաշնորհի դեմ, եւ որպես օրինակ նշել շաքարավազի մենաշնորհը: Ըստ մամուլի տեղեկությունների՝ այդ մենաշնորհը Հայաստանում պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին: Անանյանը խոստովանել է. շաքարավազի շուկայում նոր տնտեսվարողների մուտքը դժվար է լինելու:

ՊԵԿ յուրաքանչյուր նշանակում սոցցանցերում բուռն քննադատության է արժանանում, եւ Անանյանն անդրադարձել է նաեւ իր կադրային քաղաքականությանը: ՊԵԿ նախագահի խոսքով՝ պատասխանատու պաշտոններում նշանակում է փորձառություն ունեցող անձանց: Ասում է՝ եթե ՊԵԿ-ն իր առջեւ դրված խնդիրները կատարում է, ուրեմն կադրային նշանակումները ճիշտ են:

Ռուսաստանում հայտնաբերվել եւ ազատվել է հայազգի գործարար Սերգեյ Բուդաղովը: «Օռլովսկայա նիվա» ագրոհոլդինգի սեփականատիրոջն առեւանգել էին հուլիսի 10-ին: Բուդաղովի կյանքին եւ առողջությանը ոչինչ չի սպառնում: Միաժամանակ, իրավապահները ձերբակալել են գործարարի առեւանգմանը մասնակցած անձանց:

Անհայտ անձինք կանգնեցրել էին Բուդաղովի Lexus մակնիշի ավտոմեքենան, կապկպել վարորդին եւ թողել մեքենայի մեջ, իսկ Բուդաղովին նստեցրել են այլ ավտոմեքենա եւ տարել անհայտ ուղղությամբ: Նշենք, որ Սերգեյ Բուդաղովն Օռլովի մարզում օլիգարխ է համարվում: Ավելի վաղ նա պաշտոնյայի կաշառք տալու մեղադրանքով քրեական հետապնդման էր ենթարկվել, սակայն արդարացվել էր: Գործարարը պնդում է, որ իր դեմ գործ են հարուցել, քանի որ փորձում են բռնազավթել իր ագրոհոլդինգը:

Հուլիսի 13-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 559, ռուբլունը՝ 7 դրամ 73 լումա, ֆունտինը՝ 631 դրամ:

Հուլիսի 14-16-ը հանրապետության հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 6-8 աստիճանով կնվազի: Երեւանում առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +36+38 աստիճան տաքություն: