Շուրջ մեկ ամիս շարունակ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի եւ հարակից գյուղի բնակիչները շրջափակված են պահում համայնքապետարանի շենքը՝ պահանջելով Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հրաժարականը: Նշենք, որ համայնքապետարանի շենքը Շատին գյուղում է:

Գյուղացիները հրաժարականի պահանջի մի շարք պատճառներ են նշում. մատնացույց են անում համայնքապետի կողմից կատարված չարաշահումները, ուռճացված հաստիքացուցակները, գյուղի ջուրը ՀԷԿ-ին տալը, մանկապարտեզի շենքի շինարարությունը կիսատ թողնելը եւ այլն:

«Գնալու եմ կառավարության շենքի մոտ՝ հացադուլ հայտարարեմ, մինչեւ ինքը հրաժարական չտա»,- այսօր տեղի ունեցած հավաքի ժամանկ հայտարարեց ակցիայի մասնակիցներից Ավետիք Սմբատյանը:

Գյուղացիներից մեկն էլ հայտարարեց, թե ամաչում է, որ Արթուր Ստեփանյանի նման համագյուղացի ունի:

Շուրջօրյա հսկողություն սահմանելով համայնքապետարանի շենքի տարածքում՝ շատինցիներն անցկացնում են հավաքներ, որոնց ընթացքում ավագանու անդամները, ակտիվիստները եւ գյուղի բնակիչները հանդես են գալիս ելույթներով:

Նշենք, որ գործող գյուղապետը երբեւէ չի փորձել հանդիպել համայքնի բնակիչների հետ եւ խոսել ստեղծված իրավիճակի մասին: