ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, բարձր է գնահատվել վերջին տարիների ընթացքում հարկային եւ մաքսային ոլորտներում ստեղծված իրավապայմանագրային բազան: Բացի երկկողմ համագործակցությունից, դրական գնահատական է տրվել նաեւ տարբեր միջազգային հարթակներում հարկային եւ մաքսային ոլորտների համագործակցությանը:

Կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել գործակցությունը ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճի ավելացման ուղղությամբ: