Էջմիածնի քաղաքապետարանում առաջիկայում ստուգումներ կանցկացվեն: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

«Արդեն իսկ դիմել եմ մարզպետին, որ օրենքով սահմանված կարգով ստուգումներ իրականացվեն քաղաքապետարանում»,- ասաց Դիանա Գասպարյանը:

Նշենք, որ օրեր առաջ քաղաքապետի պաշտոնակատարն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գնումների գործընթացների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին ամսական 600 հազար դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի ԱՁ-ից:

«Սա պարզվել է իմ կատարած ստուգումների արդյունքում, բայց առաջիկայում նախարարությունը ստուգումներ կանցկացնի քաղաքապետարանում»,- նշեց Դիանա Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել հունիսի 18-ին, հոր՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո: Մեկ շաբաթ անց վարչապետի որոշմամբ, քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը: