Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի ամերիկահայ ուսանողների հետ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը կարեւորել է սփյուռքահայ երիտասարդների պարբերական այցելություններն Արցախ՝ ներհայկական կապերի ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման տեսանկյուններից՝ երախտագիտություն հայտնելով կազմակերպության ղեկավարությանը նման ծրագրերին հատուկ ուշադրություն դարձնելու համար:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: