ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իր նախորդին՝ Բարաք Օբամային, նրան կշտամբելով ամերիկյան ընտրություններին միջամտության մեջ կասկածվող ռուսաստանցիների նկատմամբ անգործության համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Պատմությունները, որ երեկ լսեցիք 12 ռուսաստանցիների մասին, տեղի են ունեցել Օբամայի վարչակազմի օրոք, այլ ոչ թե Թրամփի: Ինչո՞ւ նրանք ոչինչ չեն արել, հատկապես, երբ հաղորդվել է, որ նախագահ Օբաման ՀԴԲ-ի կողմից իրազեկվել է ընտրություններից առաջ՝ սեպտեմբերին»,- նշել է նա «Թվիթերի» իր էջում:

 

Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազի թեղակալ Ռոդ Ռոզենսթայնը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են ներկայացրել ռուսական հետախուզության ծառայության 12 ենթադրյալ աշխատակիցների:

Մեղադրանքները ներկայացվել էին ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի թիմի հնարավոր կապերի քննության շրջանակում: