«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հաղորդում ներկայացնելով հանցագործության մասին: Նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հաղորդումը վերաբերում է կաթողիկոսի եղբորորդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի գործողություններին:

«Սույն թվականի հուլիսի 13-ին Մայր Աթոռում Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով խաղաղ ցուցարարների շրջանում հայտնվել է կաթողիկոսի եղբորորդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը, ով ցուցաբերել է դատախազի պաշտոնի հետ անհամատեղելի վարք՝ հանդիմանել է հավաքված ցուցարարներին, հրահանգներ է տվել ոստիկաններին, ինչի իրավունքը չունի։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Կաթողիկոսի եղբորորդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը, չունենալով օրենսդրությամբ նախատեսված լիազորություն հասարակական վայրում գործողություններ անելու, կարծես թե թույլ է տվել քրեական օրենսգրքով նախատեսված 308, 309 հոդվածներով նախատեսված արարք, այն՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 308) եւ/կամ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 309)։

Միաժամանակ հայտնում ենք, որ պատրաստ ենք տալ բացատրություններ, ցուցմունքներ՝ հայտնելով գործի լուծման համար կարեւոր այլ մանրամասներ»,-  ասված է հայտարարությունում։