ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Լուսիկ Ագուլեցու հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ Մշակույթի նախարարությունից:

Լուսիկ Ագուլեցու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 15-ին, ժամը 19:30-ից սկսած` Կոնդի Սուրբ Հովհաննես եղեկեցում։

Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 16-ին, ժամը 12:00-13:00-ն, Կամերային երաժշտության տանը (հասցե՝ ք. Երևան, Իսահակյան 1)։ Հուղարկավորությունը՝ Սովետաշենի քաղաքային գերեզմանատանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ 73 տարեկանում մահացել է  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանը։

Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականին Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում: 1953 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո մասնակցել է մի շարք ցուցահանդեսների և արժանացել մրցանակների ու պարգևների։

1966 թ. «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակն առաջինն էր, որին նա արժանացավ դեռևս ուսումնառության տարիներին։ 1967 թ. առաջին մրցանակ ստացավ նաև Անդրկովկասյան ցուցահանդեսում։ 1974 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է, ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ:

2010 թ. ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ 2014 թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը։ Պարգևատրվել է նաև Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով։

Լուսիկ Ագուլեցին հեղինակել է մի շարք գրքեր («Լուսիկ Ագուլեցի-Սամվելյան» 2004 թ., «Անցյալի Մասունքներ» 2010  թ., «Յուրի Սամվելյան Պատկերագիրք» 2012 թ., «Հայոց տոնածիսական մշակույթն ըստ Լուսիկ Ագուլեցու» 2015 թ., «Հայկական տարազը ըստ գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու» 2015 թ., «Լուսիկ Ագուլեցու հոգևոր ճանապարհը» 2018թ.), որոնք արժանացել են  տարբեր մրցանակների։ Հիմնել է արվեստի և ազգային մշակույթի յուրօրինակ թանգարան՝ նպատակ ունենալով  իր ամբարած  հայոց տոնածիսական մշակույթը վերադարձնելու տիրոջը՝ ժողովրդին։