Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները ոչ թե բանակից ազատվում են, այլ կա այլընտրանքային ծառայության համակարգ, որը Հայաստանի միջազգային ստանձնած պարտավորությունն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի դիտարկմանը, թե Եհովայի վկաներին չափից շատ արտոնություններ են տրվել։

«Երբ «Կոշի» ՔԿՀ-ում էի, ապա այնտեղ կային Եհովայի վկաներ, ովքեր բանակից խուսափելու համար էին այնտեղ, օրենքն այլ էր եւ նրանք դատապարտվել էին ազատազրկման: Այնտեղ մարդիկ կային, որոնց հետ շփվելիս հասկանում էիր, որ դա նրանց համոզմունքն էր, բայց կային մարդիկ, որոնց համար իրենց հավատքը որոշ մեխանիզմներից օգտվելու հնարավորություն էր: Մեր օրենքը հիմա փոփոխվել է: Հիմա նրանք ոչ թե բանակից ազատվում են, այլ կա այլընտրանքային ծառայության համակարգ եւ նրանք ուղղակի այլընտրանքային ծառայություն են իրականացնում եւ դա, ըստ էության, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավություններն են»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը հավաստիացրեց, որ խղճի ազատությունը ժողովրդավարության կարեւոր ատրիբուտ է. «Բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է թույլ տանք որեւէ մեկին, որ խղճի ազատության «տանիքի» տակ որոշակի արտոնություններ փնտրի եւ ապօրինի գործունեության ծավալի: Չարաշահման որեւէ դեպք ես թույլ չեմ տա։ Բայց դրա համար ինձ պետք է այդ դեպքերը հայտնի լինեն»,-նշեց նա: