Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եգիպտոսի Հայոց թեմի հայկական ազգային վարժարանի սաներին, ովքեր Հայաստան էին ժամանել Թումոյի ամառային ճամբարին մասնակցելու նպատակով: Սաներին ուղեկցում էր Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Սրբազան Հայրը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին, անդրադարձավ Հայաստան կատարած այցի արդյունավետությանը եւ ուսումնական դասընթացի օգտակարությանը:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդին, թեմական խորհրդի անդամներին եւ վարժարանի տնօրինությանը ջերմեռանդ ծառայության, հայի ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի եւ նման օգտաշատ նախաձեռնության կազմակերպման համար:

Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավոր հայորդիներին, ուրախությամբ հաստատեց, որ նրանք կվերադառնան Եգիպտոս՝ հայրենիքից ստացած հոգեւոր լիցքերով եւ ներշնչված երկրի պատմամշակութային արժեքներով ու սրբություններով:

Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ քաղցր հուշերը կոգեշնչեն նրանց իրենց հետագա ուսումնառության մեջ, որպեսզի գերազանց սովորեն եւ իրենց արձանագրած հաջողություններով էլ ավելի բարձրացնեն հայ ժողովրդի պատիվը:

Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց ազգային վարժարանի սաներին համայնքային կյանքում իրենց ակտիվ ներգրավվածությամբ շարունակել ծաղկեցնել իրենց համայնքն ու տիրախնամ թեմը:

Նույն օրը Ամենայն Հայոց Հովվապետը հանդիպեց նաեւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի Լոս Անջելեսի Ս. Հակոբ եկեղեցու ուխտավորների հետ՝ առաջնորդությամբ հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Թաշչյանի:

Ուխտավորները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ: