Շուրջ երկու տասնամյակ Շիրակի թեմի առաջնորդի հայրական խնամքը պետք եղածից ավել վայելած մի քանի անձինք ` Արմեն (Կորյուն) Առաքելյան, Կարեն Պետրոսյան, Ղարիբ Հարությունյան, Հայկարամ Դրմեյան, քառասուն օր առաջ կամավորապես դուրս եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գավթից եւ այդպես էլ չվերադարձան` հակառակ մեր անթիվ հորդորներին եւ խրատներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

Նա նաեւ հավելել է.

«Ավելին, փորձ արվեց, եւ դեռ շարունակվում է արվել, տարիների մտերմությունը անհարկի շահարկելով, լուսանկարների եւ առանձնակի զրույցների որոշ մանրամասների հրապարակումով, ինձ կապել այս եկեղեցաքանդ եւ մոլեռանդ շարժման հետ: Քառասուն օր համբերելուց եւ իրենց համար ամեն օր աղոթելուց հետո, այսօր ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը` խզելով նրանց հետ ամեն հարաբերություն, իրենց հանձնելով Ամենակալի դատաստանին, ինձ համար էլ սահմանելով ցմահ կամավոր ապաշխարության շրջան` արցունքով եւ աղոթքով քավելու իմ մեղքը` հոգեւոր դաստիարակության մեջ այսպիսի աններելի ձախողման համար:

Հ. Գ. Այս քառասուն օրերի ընթացքում Վեհափառ Հայրապետը, եթե մեղանչումներ էլ ուներ, խաչի ճանապարհով անցնելով եւ դառնության բաժակը ցմրուր ըմպելով, բացարձակապես արդարացավ, իսկ իրենց արդար համարող ինքնասիրահարվածները մնացին սեփական լուտանքների եւ հայհոյանքների ծանր մեղքի բեռան տակ` բաժնեկից դառնալով Տիրոջը խաչի դատապարտողներին: 
Առայժմ այսքան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները հուլիսի 14-ին, Վայոց Ձորում արգելափակել էին գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ավտոմեքենայի ճանապարհը եւ պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը: Որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվել է բացել ճանապարհը:

«Գարեգին Բ-ն շրջափակված է Վայոց Ձորում, նրան վտանգ է սպառնում». Տեր Վահրամ քահանա Մելիքյան