Հիմա արտահերթ ընթացակարգ է տեղի ունենում, իսկ մենք, որպես քաղաքական ուժ, բոլոր արտահերթ գործընթացներին մասնակից ենք լինելու, մասնավորապես ես, որպես քաղաքապետի թեկնածու: Այսօր՝ հուլիսի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Այս պահին սա լուծարվող ավագանի է եւ մենք ստանձնել ենք պատասխանատվություն, որ ամեն ինչ տեղի ունենա օրենքով եւ իրավական ընթացակարգերով»,-ասաց նա:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այսօր մենք չունենք այնպիսի սահմանադիր օրենքներ, որոնք կկարողանանք ապահովել արդար, թափանցիկ ընտրություններ. «Գաղտնիք չէ, որ նույն ԿԸՀ-ն եւ նույն ընտրական համակարգն է գործելու: Հետեւաբար ճիշտ կլիներ այդ ամենը շտկեինք, նոր սկսեինք մեր արտահերթ ընտրությունները: Քանի դեռ դա տեղի չեն ունեցել, մեր քաղաքացիներն իրավունք ունեն ներկայացված լինել իմ միջոցով: Դա նաեւ նրանց հորդորն է: Դրա համար ես ներկայացնում եմ երեւանցիներին»,-հայտարարեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո այսօր՝ հուլիսի 16-ին Երեւանի ավագանին որոշել է նիստ գումարել, որտեղ պետք է ընտրի նոր քաղաքապետ։ Քաղաքապետի միակ թեկնածուն ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։

Նիստում, սակայն քվորում չկա, քանի որ նախօրեին ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլեւ նիստին չեն մասնակցելու: Եթե նիստը չկայանա, ապա տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ: