Եվրոպական Միությունը արեւելյան հարեւանության երկրներում մշտապես ԵՄ–ի ընկալման ուսումնասիրություն է անում եւ Հայաստանի արդյունքները շատ գոհացնող են։  Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիների 70 տոկոսը վստահում է ԵՄ–ին, սա հրաշալի ցուցանիշ է, հատկապես եթե համեմատենք Հայաստանի այլ գործընկերների հետ. «ԵՄ–ի նկատմամբ վստահությունը 2017 թվականին աճել է 5 տոկոսով այն դեպքում, երբ ԵՏՄ–ի նկատմամբ վստահությունը նվազել է եւ հիմա 48 տոկոսի մակարդակում է։ Հայերի 80 տոկոսը կարծում է, որ Հայաստան–Եվրամիություն հարաբերություններն լավ են, 69 տոկոսը գնահատում է ԵՄ–ի ֆինանսական օգնությունը Հայաստանին, 66 տոկոսն էլ հավատում է, որ այդ օգնությունը արդյունավետ է։ Իհարկե, մեզ համար այն 34 տոկոսը, որը այս օգնությունը բավարար արդյունավետ չի համարում, եւս կարեւոր է։ Իսկ 66 տոկոսի կարծիքը համարում ենք մեր աշխատանքի ճանաչում»։

Վկայակոչելով հարցման արդյունքները, դեսպանը նկատեց՝ հայաստանցիների 53 տոկոսը կարծում է, որ ԵՄ–ն շոշափելի օգուտ է բերում քաղաքացիների ամենօրյա կյանքում,  55 տոկոսը գտնում է, որ ԵՄ–ն հանձնառու է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին։

«Մեր գլխավոր նպատակն ու շարժառիթը սովորական քաղաքացիների կյանքն ավելի հեշտացնելն է։ Հայաստանցու ձայնը որոշիչ է, քանի դեռ նրանք մտածում են, որ ունեն մեր կարիքը, քանի դեռ գնահատում են այն, ինչ անում ենք, մենք հանձնառու ենք շարունակել մեր ներգրավվածությունն այստեղ»,–հավելեց դիվանագետը։

Սվիտալսկին նաեւ նշեց, որ այդ ուսումնասիրության մեջ կան ցուցանիշներ, որոնք մատնանշում են ԵՄ ներգրավվածության թույլ կողմերը, որոնք իրենք լրջորեն են ընդունում եւ վերլուծության կենթարկեն։