Հանրապետականները ձեռքերը վեր են բարձրացրել եւ հասկացել են, որ իշխանությունը անդարձ կորցրել են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ավագանիում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Հարցին, թե ինչպիսին է իր վերաբերմունքը կին քաղաքապետ ունենալուն, նաեւ երիտասարդ կադրերի առաջ մղելուն, Դավիթ Խաժակյանն ասաց, որ քաղաքական որեւէ պաշտոն սեռ չի ենթադրում, հետեւաբար երկու սեռերն էլ հավասար մրցակցային հնարավորություններ ունեն:

«Մենք բազմիցս խոսել ենք քաղաքական սերնդափոխության մասին, որի մեկնարկը տրված է, ինչը կարող է միայն դրական ազդեցություն բերել: Ես չեմ խոսում այն մասին, որ պետք է փորձն անտեսել: Եթե կա դրական փորձ եւ դրանք փոխանցելու հնարավորություն, պետք է դրանից օգտվել: Թե կառավարությունում, թե քաղաքապետարանում կան փորձ ունեցող մարդիկ, որոնց փորձը պետք է օգտագործել: Դրական եմ գնահատում, որ այդ փորձը փոխանցվի»,-հայտարարեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո այսօր՝ հուլիսի 16-ին Երեւանի ավագանին որոշել է նիստ գումարել, որտեղ պետք է ընտրի նոր քաղաքապետ։ Քաղաքապետի միակ թեկնածուն ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։

Նիստում, սակայն քվորում չկա, քանի որ նախօրեին ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլեւ նիստին չեն մասնակցելու: Եթե նիստը չկայանա, ապա տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ: