Օրերս ադրբեջանական կողմ անցած Կարեն Ղազարյանի հետ կապված կապի մեջ ենք Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, սակայն դեռ առաջընթաց չկա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ հայկական կողմը Կարմիր խաչի միջոցով փորձում է քայլեր ձեռնարկել հայ քաղաքացուն Ադրբեջանից վերադարձնելու համար։

Նրա խոսքով, Կարեն Ղազարյանն  այնպիսի առողջական խնդիր ունի, որի պատճառով էլ բանակ չի զորակոչվել. «Ամբողջ փաստաթղթերը ներկայացվել են Կարմիր խաչ: Պաշտպանության նախարարությունը կապ է պահպանում Կարմիր խաչի հետ, այլ միջոցներով եւս աշխատանքներ են տարվում, որպեսզի մեր քաղաքացուն հնարավորինս արագ եւ անվտանգ վերադարձնենք Հայաստան: Այս պահի դրությամբ, սակայն, որեւէ առաջընթացի մասին չեմ կարող հայտնել»,- ասաց խոսնակը։ 

Տիգրան Բալայանը ասաց, որ ադրբեջանական կողմը հոգեկան խնդիր ունեցող քաղաքացուն ներկայացնում է որպես դիվերսանտ եւ նշեց, որ նմանատիպ որակումներ հակառակորդը տվել է եւ՛ 70-ն անց ծերունիներին,  եւ՛ սահմանին հայտնված հովվին, այնպես որ սա հակառակորդի վարած քաղաքականության եւս մեկ դրսեւորում է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ  Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական կողմում։ Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:  Լուրի վերաբերյալ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է.  «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որեւէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ եւ 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել է նա։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել է՝  ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում։  «Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիսանալով Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ՝ դիմել է ԿԽՄԿ Երեւանյան գրասենյակ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաեւ, որ ԿԽՄԿ Երեւանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,- նշել էր ՊՆ խոսնակը: