ՀՀ նոր նախարարների հետ հանդիպումներից ես կարող եմ ասել, որ նրանք լի են էներգիայով եւ լավատեսությամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով հարցին, թե նախարարների մեծ մասը անփորձ լինելով կկարողանա՞ արդյոք այնպիսի գաղափարներ առաջ քաշել, որ եՄ–ն պատրաստ լինի օգնել, կա՞ թերահավատություն այդ ուղղությամբ:

«Ես հանդիպել եմ մարդկանց, որոնք շատ անկեղծ են եւ հանձնառու են   փոփոխություն բերել։ Իհարկե, նրանցից ոմանք չունեն կառավարությունում աշխատելու փորձ, եւ դա բարդ գործ է, բայց նրանց գործունեության 2 ամսում ես տեսնում եմ եռանդ եւ հանձնառություն»,–նկատեց դեսպանը խոսելով նոր նախարարների մասին։

Անդրադառնալով հնարավոր թերահավատություններին ԵՄ–ի կողմից, դիվանագետը շեշտեց. «Ես հոռետես չեմ, հակառակը՝ ես տեսնում եմ շատ երիտասարդ մարդկանց, որոնք մտածում են երկրի ապագայի մասին։ Մենք հավատում ենք, որ այդ էներգիան լավ արդյունքի կբերի։ Մենք՝ որպես ԵՄ ներկայացուցիչներ, պատրաստ ենք օգնել, բայց նրանք են կառավարում երկիրը, նրանք պետք է որոշեն»։