Հայկական կողմը հնարավոր աջակցության առումով ակնկալիքներ ուներ, բայց Հայաստանում ինչպես ներքին քաղաքականության, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում որոշակի շտապողականություն է դրսեւորվում։ Այս մասին հուլիսի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում նշեց Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, արտակարգ ու լիազոր դեսպան Արա Պապյանը։  

Միաժամանակ, նա նշեց, որ եվրոպական կառույցները բավականին մեծ եւ բարդ բյուրոկրատական ապարատ ունեն, եւ 2 ամիսը նրանց համար շատ քիչ է ինչ–որ լուրջ որոշման ընդունման, ներկայացման կամ փոփոխման համար. «Եթե Եվրոպայում որոշում կայացնեն ՀՀ–ին նյութական օգնություն ցուցաբերելու մասին, ապա առնվազն կես տարի կպահանջվի մինչեւ այդ օգնությունը կցուցաբերվի»,–պարզաբանել է Պապյանը։

Բացի այդ, նա նշեց, որ եվրոպացիները պետք է որոշում ընդունեն Հայաստանի հարցում, հասկանան՝ ուր է նա գնում եւ ինչ փոփոխություններ են մտադրված կատարել. «Միաժամանակ, փոփոխությունները պետք է ոչ միայն ներքին քաղաքականության ոլորտում, որը մենք տեսնում ենք։ Ես նկատի ունեմ կոռուպցիայի դեմ պայքարը, նոր ներդրումների ակնկալիքները, բայց եւ արտաքին քաղաքականության վեկտորում»,–շեշտեց քաղաքագետը։

Փորձագետը նշեց, որ ժողովրդավարական եւ այլ բարեփոխումների իրականացումը Հայաստանում կապահովի ներդրումների հոսք, տնտեսական եւ ներքաղաքական կլիմայի լավացում երկրում։