ԱՄՆ Պետդեպարտամենտը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ Raytheon Co Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի հնարավոր վաճառքի շուրջ՝ որպես այլընտրանք ռուսական S-400 համակարգին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին:

ԱՄՆ կառավարական պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Ֆարնբորո օդանավակայանի սրահում հանդիպումներ է անցկացնում դաշնակիցների հետ՝ ԱՄՆ պաշտպանական առեւտրի ամրապնդման հույսով: Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը բանակցում է Անկարայի հետ եւ «փորձում է թուրքերին հասկացնել, թե ինչ մենք կարող ենք անել Patriot-ի հարցում»:

Նշենք, որ Վաշինգտոնը դեմ է Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգերի ձեռքբերմանը: ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել S-400-ի գնման դեպքում:

«Մենք մտահոգված ենք, որ այդ համակարգերը գնելու դեպքում Ռուսաստանը հնարավորություն կունենա շարունակել ոչ այդքան լավ վարքը, որին մենք արդեն ականատես ենք եղել տարբեր տեղերում, այդ թվում` Եվրոպայում»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է ապահովել, որպեսզի ԱՄՆ դաշնակիցների ձեռք բերած համակարգերը «շարունակեն ռազմավարական հարաբերություններ պահպանել մեր եւ մեր դաշնակիցների միջեւ, իսկ Թուրքիայի դեպքում խոսքը Patriot համակարգի մասին է»: