«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կողմ է պարզ համամասնական ընտրակարգով (փակ ցուցակներով) ընտրությունների անցկացմանը, քանի որ գործող ռեյտինգային ընտրակարգը ընտրությունների վերածել էր ռեսուրսների մրցապայքարի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, Կառավարությունում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շրջանակում արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Նա նաեւ առաջարկեց հանել  կոալիցիաները կազմելու սահմանափակման մասին Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի դրույթը. «Գրված է, որ անցողիկ շեմը հաղթահարած ցանկացած ուժ կարող է կոալիցիա կազմել առավելագույնը 2 անցողիկ շեմը հաղթահարած ուժերի հետ: Սա արհեստական խոչընդոտ է հետագայում կոալիցիաներ կազմելու համար: Մենք առաջարկում ենք հանել այս խոչընդոտը, թույլ տալ կոալիցիաներ կազմել ցանկացած թվով ուժերի հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է նաեւ խստացնել օրենսդրությունը, որպեսզի բարեգործության քողի տակ ընտրակաշառք չբաժանվի:

Առաջարկների առնչությամբ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենք եւս կողմ են փակ համամասնական ցուցակներով ընտրակարգին եւ կոալիցիաների հետ կապված քաղաքական ուժերի թվի սահմանափակումը հանելուն: