Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու եւ Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։

Ոստիկանությունը նաեւ այլ նյութերի մանրամասներ է հայտնում. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաեւ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության եւ Եղեգնաձորի բաժնի ծառայողները, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարն ու որդին՝ համայնքի մարզադպրոցի տնօրենը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են հակառակ ծառայության շահերի։

Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձեւակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել եւ մինչեւ այս տարվա մայիս ստացել է 2.160.000 հազար դրամից ավելի աշխատավարձ։

Պարզվել է նաեւ, որ 2017 թվականին Մալիշկա համայնքի ղեկավարը եւ համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի 11 բնակչի անվամբ ձեւակերպել ու դուրս են գրել 410.000 դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է։

Ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխացվել են հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության։

Մալիշկայի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել՝ ընտրակաշառք բաժանելու համար 13 մլն դրամ ստանալու եւ բաժանելու մեջ