Երեւան-Գյումրի ավտոճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 16-ին ժամը 16:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Հ.Ե., ծնված 1964 թ.) եւ «Toyota Ipsum» մակնիշի (վարորդը՝ Վ. Ա., ծնված 1961 թ). ավտոմեքենաները: «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը՝ Աշոտ Գ.-ն (ծնված 1957 թ.), տեղում մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին եւ ուղեւոր Աիդա Գ.-ին (ծնված 1959 թ.): Նրանք հոսպիտալացվել են Թալինի ԲԿ: Աիդա Գ.-ն հիվանդանոցում մահացել է, Վ.Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն Աշոտ Գ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից, հանձնել ոստիկանության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: