ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 16-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն եւ հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների եւ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ:

Դավիթ Տոնոյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին եւ կենտրոնի հնարավորություններին:

Արմեն Մուրադյանն ու կենտրոնի տնօրենը պաշտպանության նախարարին են ներկայացրել հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը եւ տեղեկացրել, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի՝ լուծում են նաեւ նրանց կրթության եւ աշխատանքի հարցերը: ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրել է նաև, որ Բժշկական համալսարանի բոլոր ամբիոններն օգնում եւ աջակցում են վերականգնողական կենտրոնում բուժվող յուրաքանչյուր զինվորի:

Հանդիպմանը նախարարը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, խնդիրներով: Ընթացքում երիտասարդները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին, ինչպես նաեւ քննարկել են հետագա համագործակցության հարցեր, ինչի արդյունքում հստակ ճանապարհային քարտեզ են գծել՝ նպատակներին հասնելու համար:

Նախարարը ընդգծել է, որ զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը, եւ բանակի ղեկավարությունն ու ԶՈՒ ստորաբաժանումներն ամբողջ ուժով պահպանելու են հայկական երկու հանրապետությունների անվտանգությունը։

Դավիթ Տոնոյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարեւոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլեւ ջերմ միջավայրով, որտեղ բոլորը ծառայում են մեկ ընդհանուր նպատակի: