Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դարի գործարքը» երբեք չի իրականացվի: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլահ Սայիդ Ալի Խամենեին՝ Թրամփի պլանը «չարագործ ու սատանայական» անվանելով, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ ի հիասթափություն Միացյալ Նահանգների, պաղեստինյան հարցը երբեք չի մոռացվի,  եւ Երուսաղեմը «կմնա Պաղեստինի մայրաքաղաք»:

«Այսօր մահմեդական աշխարհը միասնության կարիք ունի: Պառակտումն արգելված է, քանի որ թշնամին կենտրոնացած է իսլամական աշխարհի վրա»,- ընդգծել է Այաթոլահ Խամենեին:

Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլան էր մշակել, որը ներկայացվել է Թրամփի խորհրդականի եւ նրա փեսա Ջարեդ Քուշների՝ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներո այցի ժամանակ: Պլանի մանրամասները դեռ չեն հաղորդվում: Սակայն Պաղեստինը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչվելուց  եւ այնտեղ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումից հետո հայտարարել էր, որ Վաշինգտոնին որպես միջնորդ այլեւս չի ընդունում: